Ղարաբաղյան պատերազմի տարիներին Ստեփանակերտի շրջափակման մասին հարկավոր է իմանալ եւ հիշել: Երեւանում անցկացվող «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» խորագրով համաժողովի ժամանակ այս մասին հայտարարեց ռուսաստանցի լրագրող, ղարաբաղյան պատերազմի մասին մի քանի փաստագրական ֆիլմերի հեղինակ Սվետլանա Կուլչիցկայան:

«Հիշում եմ յուրաքանչյուր օրը: 25 տարի առաջ այնպիսի ձյուն էր, երբ առաջին անգամ այստեղ եկա: Ղարաբաղ մեկնեցի վառելիքով լի ուղղաթիռով, որը գնդակոծում էին: Երջանկություն էր, որ գնդակները բաքերին չէին դիպչում»,- հիշողություններն է կիսել լրագրողը:

Ստեփանակերտում նա նկուղում է ապրել, Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի բնակիչների հետ: «Սննդի հետ կապված խնդիրներ կային: Նկուղում նաեւ կանայք ու երեխաներ կային: Ջուրը սահնակներով էին բերում: Հիշում եմ ծննդատունը, որը հետո ռմբակոծեցին: Այնտեղ մի կին կար, որը Սումգայիթից էր փախել»,- պատմել է նա:

Մի քանի տարվա ընթացքում ռուս լրագրողը երեք անգամ եղել է Լեռնային Ղարաբաղում: «Դա ժամանակ էր, երբ գիտակցում էիր, թե ինչ կարող է անել քաղցը մարդկանց հետ: Որքան պետք է ցածրանալ (խոսքն Ադրբեջանի մասին է - խմբ.)՝ ժողովրդին նման վիճակի հասցնելու համար: Իմ հարազատները վերապրել են Լենինգրադի շրջափակումը: Ղարաբաղում մարդկանց հետ հանդիպումներս չսպիացող վերքի են նման: Այսքան տարի է անցել, իսկ ես միշտ հիշելու եմ այդ մասին: Գիտե՞ք, թե ինչ է սովը, սարսափելի սովը: Մարդիկ 10-12 հարկ էին բարձրացնում ջուրը: Այս մասին պետք է խոսել, պետք է հիշել: Հարկավոր է դադարեցնել պատերազմը: Դա սարսափելի է»,- ամփոփել է Սվետլանա Կուլչիցկայան: