Անհրաժեշտ է ադրբեջանական կողմին համաչափ պատասխան տալ, իսկ եթե պետք լինի՝ նաեւ անհամաչափ: Այս մասին փետրվարի 15-ին հայտարարեց Հանրապետական խմբակցության պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը՝ ելույթ ունենալով Երեւանում անցկացվող «Ստեփանակարետի շրջափակման ճեղքում. 25 տարի անց» համաժողովում:
Նրա խոսքով՝ «Լապշին գործողության» ադրբեջանցի նախաձեռնողները պետք է իրենց հարց տան՝ եթե կարելի է Ղարաբաղ այցելելու համար գործ հարուցել, որի հիման վրա կարող է արտահանձնում կատարվել, Հայաստանը երրորդ երկրերում ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար: «Նման ճանապարհներից մեկը Ղարաբաղը ճանաչելու գործընթացն անմիջապես սկսելն է: Հիմա եթե գնդակն այս դաշտում լինի, եւ գործողություններն այդպիսի շարունակություն ունենան, Ադրբեջանը կսկսի ամբողջ աշխարհում վայնասուն բարձրացնել»,- ընդգծեց Կարեն Բեքարյանը:
Նրա տեսանկյունից՝ ադրբեջանական կողմը հույս ունի, որ մենք վարում ենք աննկարագրելի պատշաճ դիվանագիտություն: «Մենք պետք է կարողանանք նույնքան քաղաքակիրթ ձեւով պատասխանել Ադրբեջանի բոլոր քաղաքական անոմալ գործողություններին: Ինչո՞ւ պետք է ինչ-որ մեկի մոտ տպավորություն ստեղծվի, որ մեր քաղաքացիներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին կարելի է ճնշել ինչ-որ գործողություններով»,- հավելեց կարեն Բեքարյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Բելառուսի Գերագույն դատարանը հաստատել է դատախազության որոշումը՝ Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին։ Նա հենց երեկ արտահանձնվել է Ադրբեջանին:
Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ նա ներառված է «սեւ ցուցակում» ԼՂՀ այցելության համար։
Նման անձանց մուտքն Ադրբեջան արգելվում է, Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար: Հունվարի 17–ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26–ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը:



























