Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որտեղ խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրերում, կառավարման ոլորտում սփյուռքի ներգրավմանն ու առկա ներուժի իրացմանն ուղղված հարցեր:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մանրամասն ներկայացրել է սփյուռքի հայկական գաղթօջախների հետ համագործակցության ուղղությունները եւ նշել, որ ստեղծվել է աշխարհի գրեթե բոլոր երկրներում հայ համայնքների հետ հարաբերությունների լայն ցանց: Հրանուշ Հակոբյանի խոսքով՝ կատարվել են ծավալուն աշխատանքներ սփյուռքի պոտենցիալը Հայաստանի եւ Արցախի զարգացմանն ուղղելու նպատակով, որի արդյունքում կան բազմաթիվ հաջողակ օրինակներ:
Վարչապետ Կարապետյանը կարեւորել է սփյուռքի հետ ակտիվ համագործակցությունը եւ նախարարին հանձնարարել շահագրգիռ գերատեսչությունների, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ, արդեն իսկ մշակված ներդրումային ծրագրերի փաթեթները հետեւողականորեն ներկայացնել սփյուռքահայ ներդրողներին: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է Սփյուռքի նախարարության կողմից ստեղծված ցանցն ավելի առարկայական օգտագործել եւ այդ աշխատանքներում ներգրավել նաեւ արտերկրում ՀՀ դեսպանություններին:
.jpg)
.jpg)
.jpg)


























