Հանրապետական խմբակցության պատգամավորներից մի քանիսը չեն լինի խորհրդարանում ընտրություններից հետո՝ հաշվի առնելով ՀՀԿ համապետական ցուցակում նրանց զբաղեցրած հորիզոնականը եւ տարածքային ցուցակներով չառաջադրվելու հանգամանքը։

Մասնավորապես, ՀՀԿ համապետական ցուցակում ոչ անցողիկ  համարվող տեղում են ՀՀԿ հնաբնակներ Մկրտիչ Մինասյանը եւ Ռազմիկ Զոհրաբյանը, ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամի Վոլոդյա Բադալյանը։ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Հովհաննես Սահակյանը նույնպես հանգրվանել է ոչ անցողիկ տեղում։ Նա 2012–ի ընտրություններում կարողացավ խորհրդարան անցնել միայն իրեն նախորդող թեկնածուի ինքնաբացարկից հետո։

Այս անգամ Հովհաննես Սահակյանը գտնվում է 45–րդ հորիզոնականում։ Նա արդեն հայտարարել է, որ ընտրություններից հետո աշխատանքի է անցնելու գործադիր իշխանությունում:

Նաիրա Կարապետյանը հայտնվել է ցուցակի 36–րդ տեղում է եւ ենթադրվում է, որ հաջորդ խորհրդարանում նա նույնպես հրաժետ կտա պատգամավորական կարիերային։ Վերջինիս հաջորդում է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Արտակ Դավթյանը։ Նա պատգամավորական գործունեությամբ է զբաղվում 2007 թվականից։ Ոչ անցողիկ տեղում է  պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը, որը 2012 թվականից հայտնվեց խորհրդարանում, մինչ այդ նախագահի օգնականն էր։ Մարտիրոսյանն այս ցուցակում  43–րդ հորիզոնականում է։ Նա եւս նշել է, որ այլ ոլորտում է աշխատանքի անցնելու:

Հիշեցնենք, որ  ՀՀԿ համապետական ցուցակը բաղկացած է 197 հոգուց: Այն գլխավորում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։