Հարկավոր է բարձր նշաձող սահմանել, փրկարարները պետք է համապատասխան ուսուցում եւ որակավորում անցնեն, որպեսզի առաջին օգնությունից բացի նաեւ՝ առաջին բուժօգնություն կարողանան ցուցաբերել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 17-ին ՀՀ ԱԻՆ Երեւան քաղաքի փրկարարական վարչություն աշխատանքային այցի ժամանակ նշել է ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:
ԱԻՆ-ից NEWSS.am-ին հայտնում են, որ նախարարը մասնավորապես նշել է, որ հարկ է ուշադրություն դարձնել փրկարարների կողմից առաջին բուժօգնության մատուցման խնդրին՝ փոխառելով միջազգային փորձը. «Հարկավոր է բարձր նշաձող սահմանել, փրկարարները պետք է համապատասխան ուսուցում եւ որակավորում անցնեն, որպեսզի առաջին օգնությունից բացի նաեւ՝ առաջին բուժօգնություն կարողանան ցուցաբերել»,-շեշտեց նախարարը:
Քննարկվեցին նաեւ մայրաքաղաքի վարչության տեխնիկական հագեցվածության հարցերը, նախարար Տոնոյանը ծանոթացավ Փրկարարական վարչության կառավարման կետ հանդիսացող փրկարարական մեքենայի հնարավորություններին, որի տեխնիկական հագեցվածությունը խոշոր արտակարգ իրավիճակների ժամանակ թույլ է տալիս ծառայել որպես կառավարման շտաբ:
Նախարարին զեկուցեցին նաեւ վարչության տարածքում գործող ՀՀ ԱԻՆ Մշակույթի կենտրոնի գործունեության մասին: Կենտրոնում ուսուցանում է դպրոցական տարիքի շուրջ 60 երեխա: Կենտրոնի սաները նկարչության, պարի եւ բեմականացումների միջոցով ներկայացնում են տարատեսակ աղետներին դիմակայելու առօրեական մշակույթը: Ուսուցողական ներկայացումները տարվա ընթացքում խաղարկվում են հանրապետության դպրոցներում եւ մանկատներում:
Կարեւորելով աղետներին բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացման խնդրում նաեւ արվեստի բաղադրիչի գործոնը՝ ԱԻ նախարարը մի շարք հանձնարարականներ տվեց մշակույթի գործիչների հետ համագործակցության ակտիվացման վերաբերյալ՝ հատուկ ուշադրության կենտրոնում պահելով մանկատներում իրականացվող ուսուցողական ծրագրերը:


























