Վրաստանի կաթողիկոս- պատրիարք Իլիա երկրորդը հայրենիք վերադառնալուց հետո անմիջապես մեկնաբանել է տերհայր Գեորգի Մամալաձեի գործը, որին ձերբակալել են Պատրիարքարանի ներկայացուցիչներից մեկի դեմ մահափորձ ծրագրելու մեղադրանքով, հայտնում է «Սպուտնիկ Վրաստանը»
Պատրիարքը հույս է հայտնել, որ այդ հարցը խաղաղ կկարգավորվի։ «Ափսոս, որ այստեղ այսքան անախորժ իրադարձություններ են զարգացել։ Մենք իշխանությունների հետ ծրագրում ենք ուսումնասիրել այս հարցերը ու եզրակացության հանգել։ Վստահ եմ, որ ամեն ինչ խաղաղ ու լավ կավարտվի»,- ասել է Իլիա երկրորդը։
Գեորգի Մամալաձեին կալանավորել են փետրվարի 10-ին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, որտեղից նա պետք է Գերմանիա ուղեւորվեր, որտեղ այդ օրերին բուժում էր ստանում Իլիա երկրորդը։ Հոգեւորականի ուղեբեռում հայտնաբերել էին նատրիումի ցիանիդ։ Շրջանառվում էին տարբեր վարկածներ այն մասին, թե ում էր նա մտադիր թունավորել։ Դատախազությունը զերծ է մնում մանրամասները հրապարակելուց։ Մամալաձեի փաստաբան Միխայիլ Ռամիշվիլին հայտնել է, որ մեղադրական եզրակացության մեջ խոսքը Շորեն Տետրուաշվիլու ՝ Պատրիարքի քարտուղար ռեֆերենտի մասին է։



























