Թուրքիայի Մալաթիա քաղաքի Չավուշօղլու թաղամասում գտնվող 280-ամյա հայկական Թաշհորոն եկեղեցու վերանորոգումն արդեն սկսվել է: Այն իրականացնում է Մալաթիա նահանգի մշակույթային արժեքների գնահատման եւ պահպանման վարչությունը։

Թուրքական Haberciler-ի փոխանցմամբ՝  Թաշհորոն եկեղեցու վերանորոգումը համակարգող, գլխավոր ճարտարապետ Նուվիթ Բայարը լրագրողներին հայտնել է, թե կատարվելու են եկեղեցու հետազոտման եւ վերանորոգման աշխատանքներ։

Թուրք ճարտարապետը հայտնել է, որ մշակութային արժեքների գնահատման եւ պահպանման վարչությունը նախատեսել է վերանորոգել նաեւ հայկական Վանք եկեղեցին։

Նշենք, որ Դինքի ծննդավայրում՝ Մալաթիայի Չավուշօղլու թաղամասում գտնվող Թաշհորոն եկեղեցու վերանորոգման շուրջ համաձայնության էին եկել Ստամբուլի,  Մալաթիայի հայերը եւ  Թեփեբաշը մզկիթներ կառուցող հիմնադրամը, որը նախորդ տարի հայտարարել էր, թե ստանձնում է  հայկական Թաշհորոն եկեղեցու վերանորոգումը, սակայն ֆինանսական դժվարությունների պատճառով չի կարողանում իրականացնել այդ որոշումը։