Նոյեմբերի 9-ին Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, ըստ որի՝ երկրի նախագահը կարող է հանրաքվե անցկացնել նոր հարկեր մտցնելու կամ հարկային դրույքաչափերը բարձրացնելու համար։ Այս մասին հաղորդում ՝ civil.ge կայքը։
Նշենք, որ հանրաքվեի ենթակա չէ միայն ակցիզը բարձրացնելու որոշումը։ Սահմանադրական այս փոփոխությունները բխում են նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի 2009 թ. հոկտեմբերին հռչակած «Տնտեսական ազատությունների ակտից»։ Դրանով նախատեսվում է նաեւ բյուջեի ծախսերը պահել ՀՆԱ 30 տոկոսի շրջանակում: Բացի այդ, բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի 3 տոկոսը, իսկ պետական պարտքը` ՀՆԱ-ի 60 տոկոսը։
Հարկերի բարձրացման անհրաժեշտությունը Սահակաշվիլին պայմանավորել է նրանով, որ ամերիկյան «Ֆորբս» ամսագրի հարկային բեռի վարկանիշով Վրաստանը դասվել է աշխարհում ամենացածր հարկային բեռ ունեցող երկրների թվին՝ 2009 թ. տվյալներով։ Ըստ այդ վարկանիշի՝ Վրաստանից ավելի ցածր հարկային բեռ ունեն միայն Կատարը, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Հոնգկոնգը։
Նշենք, որ «Ֆորբսի» այդ վարկանիշում Հայաստանի մասին տվյալ չկա։ Իսկ ամենաբարձր հարկային բեռ ունեցող երկիր է ճանաչվել Ֆրանսիան, նրան հետեւում են Չինաստանը եւ Բելգիան։ Թուրքիան 18-րդ տեղում է, Ուկրաինան՝ 22-րդ, Ադրբեջանը՝ 36-րդ, Ուզբեկստանը՝ 45-րդ, Ղազախստանը՝ 56-րդ, Ռուսաստանը՝ 58-րդ։ Ընդհանուր առմամբ՝ գնահատվել է 67 երկիր։ Ցուցակը եզրափակում է Կատարը, որն էլ ճանաչվել է աշխարհի ամենացածր հարկային բեռ ունեցող երկիրը։




























