Արցախում հունիսին ծանր վիրավորում ստացած Ալբերտ Դալլաքյանն արդեն 1 ամիս է ՄՌՏ հետազոտության համար սպասում է իր հերթին։

Ժամկետային զինծառայողի վիճակը հունվարի 26-ին կտրուկ վատացել է, 10 օր հիվանդանոցում բուժում ստանալուց հետո բժիշկները նշանակել էին ՄՌՏ հետազոտություն։ Պաշտպանության նախարարությունից նրան պետպատվերի ուղեգիր էին տրամադրել։ Պարզվում է, սակայն, որ հիվանդանոցում անվճար հետազոտության համար հերթեր են եւ Ալբերտը կարող է հետազոտվել միայն մարտի 9-ին։

«Մենք էլ հիմա սպասում ենք մեր հերթին։ Ալբերտին այս հետազոտությունը շատ է անհրաժեշտ, սրանով պետք է բժիշկը նոր բուժումներ նշանակի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ալբերտի մայրը՝ տիկին Արմինեն։

Ալբերտի վիճակը հունվարի 26-ից հետո ավելի է վատթարացել. տեսողության խնդիրները խորացել են, հիշողության կորուստ է ունենում պարբերաբար։

«Օրը մեջ «Շտապօգնություն» ենք կանչում»,- ասաց մայրը։

Նշենք, որ Ալբերտ Դալլաքյանը գլխի վիրավորումը ստացել է 2016թ. հունիսի 24-ին Արցախում: Ի սկզբանե ծնողները չեն իմացել, թե ինչ պայմաններում է նա վիրավորում ստացել, ավելի ուշ են պարզել միայն՝ ավագ լեյտենանտ Ավագ Նահապետյանն է կրակել: Սկզբում Դալլաքյաններն իմացել են, թե անզգույշ կրակոց է եղել, վերջերս էլ զորամասից տեղեկացել են, թե ավագ լեյտենանտը «խաղացել է» ուրիշի զենքով եւ այդ ժամանակ կրակել: Նահապետյանին մեղադրանք է առաջադրվել, նախաքննությունն առաջիկայում կավարտվի:

Ալբերտ Դալլաքյանը բռնցքամարտիկ է, ՌԴ-ից վերադարձել էր՝ հատուկ Արցախում ծառայելու համար: Նրա վիրավորվելուց հետո ընտանիքը վերադարձել է Երեւան: