Մեծ Բրիտանիայի լրագրողների ազգային միությունը չեղյալ է հայտարարել BBC հեռուստաընկերության աշխատակիցների երկօրյա գործադուլը, որը պետք է տեղի ունենար նոյեմբերի 15-ին եւ 16-ին:
Արհմիությունը հայտարարել է, որ իր առաջնորդները պետք է բանակցությունների նոր ռաունդ անցկացնեն թոշակների հատկացման համակարգի փոփոխության շուրջ, որն էլ աշխատանքային տարաձայնությունների պատճառ է դարձել, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, BBC-ի լրագրողները նոյեմբերի 5-ին եւ 6-ին երկօրյա գործադուլ արդեն իսկ անցկացրել են՝ կապված ղեկավարության՝ կենսաթոշակային ֆոնդի դեֆիցիտի կրճատման մտադրության հետ։ Առաջարկ էր արվել փոխել թոշակների հատկացման համակարգը:
Նախկինում դրանց չափը հաշվարկվում էր՝ ելնելով կարիերայի ավարտին աշխատակցի աշխատավարձի դրույքաչափից։ Այժմ առաջարկվում է դրա չափը որոշել՝ ելնելով աշխատանքի ողջ ընթացքում ունեցած միջին աշխատավարձի չափից, ինչը նվազեցնում է թոշակի չափը։




























