Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի դատարանը վեց ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտել Մենսֆիլդի բնակիչ Էնդրյու Օ՛Քիֆին, որը ՀԴԲ-ի կայքում ԱՄՆ նախագահա Բարաք Օբամային սպանելու սպառնալիք էր տեղադրել:

Ըստ BBC-ի՝ դատավճռի հրապարակման պահին 31-ամյա Օ՛Քիֆն արդեն շուրջ կես տարի ձերբակալված է եղել, այդ պատճառով դատարանի դահլիճից նրան ազատ են արձակել:

Դեպքը տեղի է ունեցել 2015 թվականի մայիսին: Օ՛Քիֆը համացանցի «թեժ գծով» կապվել է ՀԴԲ-ի հետ, որով բյուրոն կազմակերպվող հանցագործությունների մասին անանուն հաղորդագրություններ է ընդունում:

«Ես պատրաստվում եմ սպանել նախագահ Բարաք Օբամային: Շատ լավ մտածված ծրագիր ունեմ: Թող գաղտնի ծառայություններն այցելեն ինձ»,- գրել է Օ՛Քիֆը:

Նրա տուն ժամանած ՀԴԲ գործակալները նրա տանը շուրջ 100 միավոր սառը զենք են գտել: Անցյալ տարվա դեկտեմբերին Օ՛Քիֆն ընդունել էր մեղքը եւ սպասում էր դատավճռին: