Նյու Յորքի վերաքննիչ դատարանը սկսել է դատական վեճի քննությունը, թե արդյոք պետք է անհատներ համարել անազատության մեջ պահվող երկու շիմպանզեներին՝ Թոմիին եւ Կիկոյին, հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով կենդանիների պաշտպանության ամերիկյան Nonhuman Rights Project կազմակերպությունը, որն էլ հանդես է եկել համապատասխան հայցով:
Միավորման նախագահ, փաստաբան Սթիվեն Ուայցի խոսքով՝ այդ մարդանման կապիկների համար պետք է ճանաչվեն մի շարք այնպիսի իրավունքներ, որոնք առկա են մարդկանց համար: Իրավաբանը պահանջում է, որպեսզի նրանց չպահեն անազատության մեջ եւ բաց թողնեն Ֆլորիդայի կենդանաբանական այգի, որտեղ պայմանները մոտ են բնական միջավայրին:
Իր հերթին՝ շիմպանզեների սեփականատերերը պնդում են, որ վայրի բնության մեջ, առանց մարդկային հոգածության, նրանց ժառանգները չեն ապրի: Կիկոյի տերը նշել է, որ իր կապիկը խուլ է եւ նրան մշտապես պետք է անասնաբույժի օգնությունը, իսկ Թոմիի տերն ասել է, թե նրան վերցրել է, քանի որ ուզում էին քնեցնելու միջոցով սպանել:




























