Բրիտանացի 17-ամյա աշակերտը NASA-ին օգնել է հայտնաբերել սխալ ալգորիթմը, որը խեղաթյուրում է Միջազգային տիեզերակայանում ճառագայթման մակարդակի վերաբերյալ տվյալները: Այս մասին հայտնում է BBC-ն: Շեֆիլդի դպրոցի աշակերտ Մայլս Սոլոմոնը մասնակցում է TimPix project կրթական ծրագրին, որն աշակերտներին թույլ է տալիս հետեւել ճառագայթման հաղորդիչների ցուցմունքներին, որոնք տեղադրված են ՄՏԿ-ի տարբեր հատվածներում:
Excel աղյուսակի տեսքով հերթական տվյալները ստանալուց հետո Սոլոմոնը ընկերների հետ անսպասելի հայտնաբերել է, որ տվյալների վերջում էներգիայի բացասական հաշվարկով ցուցմունքներ կան: «Ես նկատեցի, որ այնտեղ ինչ-որ տեղ պետք է ճառագայթում լիներ, բայց հաշվարկը -1 էր ցույց տալիս: Առաջին բանը, որ մտածեցի այն էր, որ բացասական էներգիա չէր կարող լինել»,- ասել է աշակերտը:
Սոլոմոնն իր ուսուցչի հետ NASA-ին նամակ է ուղարկել, որտեղ նրանց շնորհակալություն են հայտնել ուշադիր լինելու համար: Նշել են, որ նախկինում էլ են սխալ հաշվարկներ նկատել, բայց ենթադրել են, որ դա տարեկան մեկ անգամ է լինում: «Մենք նկատել ենք, որ իրականում նման բան է տեղի ունենում օրական մի քանի անգամ»,- ասել է Սոլոմոնը:
Պարզվել է, որ խնդիրը սխալ ալգորիթմների մեջ է, որոնք մշակում են հաղորդիչներից ստացված հում տվյալները եւ բացասական հաշվարկ թույլ տալիս:




























