Նյու Յորքի իշխանությունները քրեական գործ են հարուցել մի տղամարդու դեմ, որը քաղաք էր եկել սեւամորթներին սպանելու։ Իր մտադրությունը նա իրականացրել է՝ սպանելով Մանհեթենի 66-ամյա սեւամորթ բնակչին, հայտնում է The Independent–ը։

Ոստիկանները պարզել են ձերբակալվածի անձը՝ Ջեյմս Հարիս Ջեքսոն։ Նա  չորս տարի ծառայել էր ԱՄՆ բանակում, այդ ընթացքում եղել է Աֆղանստանում ու Գերմանիայում։ Նրա խոսքով ինքը սպիտակ ռասսայի գերիշխանության կողմնակիցն է ու նույնիսկ մանիֆեսթ է գրել, որտեղ շարադրել է իր տեսակետները։ Ոստիկանությունը սպանությունը գնահատում է որպես ռասսայական ատելության հողի վրա իրականացված հանցագործություն։

Պարբերականի խոսքով ,Ջեքսոնը ոստիկանության շենք է մտել կեսգիշերին ու խնդրել է ձերբակալել իրեն։ Խուզարկության ժամանակ աշխատակիցները նրա մոտ երկու դանակ են գտել։

Հանցագործությունը տեղի է ունեցել մարտի 20-ին։ Ջեքսոնը Թիմոթի Կաուխմանին դանակով հարվածել է կրծքի ու մեջքի մասում։ ABC-ի փոխանցմամբ տուժածին հաջողվել է մի ամբողջ թաղամաս ոտքով անցնել ու հասնել ոստիկանական բաժանմունք, որտեղ նա ուշագնաց է եղել։ Նրան հիվանդանոց են հասցրել, որտեղ էլ ավելի ուշ նա մահացել է։