Չինաստանի Ցզյանսու գավառից բուդդա վանական Դաոլուն 2012 թվականից հայտնի է դարձել նրանով, որ չամուսնացած հղի կանանց համոզում է հրաժարվել աբորտից՝ խոստանալով նրանց երեխաներին ինքը մեծացնել: The Global Times-ը հայտնում է, որ հիմա վանականի խնամքի տակ 21 երեխա կա: Բայց նրա կյանքի գործին կարող են խանգարել տեղական իշխանությունները, որոնք որդեգրումն ապօրինի են համարում:

Երեխաներին օգնելու համար նա սեփական տունը տաճարի է վերածել: Մինչեւ վանական դառնալը Դաոլուն միջազգային առեւտրով է զբաղվել, եւ այդ տարիների խնայողությունները նրան շատ պետք են եկել:

Ի դեպ, նրա գործունեության մեջ ամեն ինչ չէ, որ հարթ է: Վերջերս նրան մեղադրել են, որ որդեգրած երեխաներն իրականում բազմաթիվ կանանցից իր սեփական ժառանգներն են: Դրանից զատ, Չինաստանում 2014 թվականին ընդունված օրենքի համաձայն՝ երեխաները, որոնցից մայրերը հրաժարվել են, չեն կարող որդեգրվել չգրանցված կրոնական խմբերի, կազմակերպությունների կամ հոգեւորականների  կողմից:

Դաոլուի դեպքում տեղական ոստիկանությունն արդեն հայտարարել է, որ նրա տաճարը չի համապատասխանում շինարարական նորմերին, որբանոցն էլ չի համապատասխանում անհրաժեշտ պահանջներին, իսկ որդեգրումը չի կարելի օրինական համարել: Ոստիկանները կարծում են, որ երեխաները, որոնցից մայրերը հրաժարվել են, պետք է որբանոց ուղարկվեն: Ամեն դեպքում, իշխանությունները վանականից երեխաներին դեռեւս չեն վերցրել:

Ինքը բուդդայականը սկանդալների համար չի անհանգստանում, նրան ավելի շատ մտահոգում է այն, որ իր խնամքի տակ գտնվող 21 երեխաներից 14-ը բնակության վայրի գրանցում չունեն, ուստի չեն կարող դպրոց կամ բժշկի հաճախել: Նա այժմ կենտրոնացել է այս խնդրի լուծման վրա: