Տուտլյա- Ջակոբինի- Կրեսակա հսկայական գիսաստղը կմոտենա Երկրին ապրիլին։ Այս մասին հայտնում է «Մոսկվա» գործակալությունը՝ վկայակոչելով Մոսկովյան աստղադիտարանի մամուլի ծառայությունը։

Ապրիլի 1-ի գիշերը Մոսկվայի երկնքում հնարավոր կլինի տեսնել այդ գիսաստղը։

«Ապրիլի 1-ին Տուտլյա- Ջակոբինի- Կրեսակա գիսաստղը առավելագույնս կմոտենա Երկրին ու դա աստղագիտական կատակ չէ։ Մինչեւ մեր մոլորակ դրա հեռավորությունը կկազմի ընդամենը 21 մլն 231 հազար 152 կմ»,- հայտնել են աստղադիտարանից։

Արեւից իր կարճագույն հեռավորության վրա գիսաստղը կգտնվի ապրիլի 13-ին։ Այդ պահին դրա պայծառությունն ու պոչի չափսերը առավելագույնին կհասնեն։

Մարտի 30-ին գիսաստղը կմտնի Վիշապի համաստեղություն ու տեսանելի կլինի գիշերային երկնքում։ Գիսաստղը տեսանելի կլինի պարզ եղանակի ու մութ երկնքի պայմաններում։