Նախկին գործատուն ձանձրացած 100 տարեկան ամերիկացի թոշակառուին թույլ է տվել մեկ օրով զբաղեցնել նախկին պաշտոնը, հայտնում է Associated Press-ը:

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում բնակվող Բիլ Հանսենը երեք տարի առաջ հեռացել է Hutchinson Plumbing, Heating and Cooling ընկերությունից, որը զբաղվում է խողովակներ անցկացնելով եւ օդափոխման ու տաքացման համակարգեր տեղադրելով: Թոշակի գնալուց հետո երկարակյացը հասկացել է, որ չի կարող անգործ նստել: Տղամարդը երազում էր կրկին տեսնել իր աշխատավայրը, որտեղ 32 տարի համակարգել է շինարարական թույլտվությունների ստացումը:

Երբ Հանսենը 100 տարեկան է դարձել, ընկերության ղեկավար Ֆրեդ Հաթչինսոնը նրա ցանկությունը կատարել է: Տարեց մարդուն հրավիրել են Hutchinson Plumbing, Heating and Cooling, եւ տնօրենը ամբողջ օրվա համար հանձնարարությունների ցուցակ է կազմել, իսկ նախկին գործընկերները շնորհավորել են հոբելյարի տարեդարձը եւ տորթ բերել: Իր աշխատանքի դիմաց Հանսենը խորհրդանշական աշխատավարձ է ստացել` 1 դոլար:

100-ամյա ամերիկացին կարծում է, որ իր բախտը բերել է: «Երբեք այնպիսի աշխատանք չեմ ունեցել, որտեղ առավոտյան տհաճությամբ գնայի»,- ասել է նա: