Թուրքական լոլիկը դեռ շարունակում է Հայաստան ներկրվել առանց մաքսատուրքի։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին ասել է Հայաստանի ջերմոցային տնտեսությունների ասոցացիայի նախագահ Պողոս Գեւորգյանը։

2016-ի դեկտեմբերի սկզբին գյուղատնտեսության նախարարի հետ հանդիպման արդյունքներով, ջերմոցային տնտեսություններ ունեցողները համոզվել էին, որ թուրքական վարունգի ու լոլիկի «սեւ» ներկրում այլեւս չկա։ Բայց հետո, շուրջը նայելով,  տեսել են, որ գրեթե ոչինչ չի փոխվել։ Մայրաքաղաքի ու մարզերի մեծածախ շուկաներում այդ նույն թուրքական «բերքի տոնն է»։

«Ընդ որում եթե դրանք ինչպես կարգն է պահանջում՝ մաքսազերծվեն, ապա տեղական շուկայի համար սպառնալիք չի լինի։ Տեղում դրանք գնում են, եթե վերահաշվարկենք, կիլոգրամի դիմաց 250 դրամով։ Բայց չէ՞ որ դրանք պետք է ներկրել Վրաստանի տարածքով։ Դրա համար էլ փոխադրումն էլ է նույնքան արժենում։ Դրան հավելեք նաեւ ԱԱՀ-ն, իսկ հետո՝ փոխադրողների ու վաճառողների եկամուտը, պետք է որ կիլոգրամի համար առնվազն հազար դրամ ստացվի։ Իսկ շուկայում վաճառում են 500 դրամով»,- շեշտեց Գեւորգյանը։

«Այսպես թե այնպես՝ պետք է պարզապես արգելել։ Իսկ ով համարում է, որ դա կանոններով չէ, թող փորձի Հայաստանից թեկուզ մեկ դույլ լոլիկ արտահանել Թուրքիա։ Հենց սահմանից տուն կուղարկեն։ Իսկ դա ի՞նչ է ՝ կանոններով է։ Իսկ մենք ոչ միայն չենք խանգարում, այլեւ ստացվում է՝ օգնում ենք, որ Թուրքիան, որը մեզ համարում է ոչ բարեկամական երկիր, վաճառի իր ապրանքը։ Ես կկրկնեմ՝ բավական չէ, որ թույլ են տալիս ներկրել, դեռ տուրք էլ չեն գանձում»,- ասաց Գեւորգյանը;

Արդյունքում տեղական ջերմոցները, որպեսզի իրենց ապրանքը իրացնեն, այն վաճառում են 400-500 դրամով՝ ինքնարժեքից ցածր։ Այդպես  քիչ թե շատ կարող են դիմանալ միայն խոշոր արդյունաբերական տնտեսությունները։ Իսկ փոքր, մենակ արտադրողներն ամենաշատն են տուժում, նկատեց Գեւորգյանը ։

Մոտ ժամանակներս Ջերմոցային տնտեսությունների ասոցացիայի ու ագրոարդյունաբերողների աշխատողների արհմիության ներկայացուցիչներին կընդունի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, գուցե նաեւ վարչապետը։