Մայիսի 3-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց «Տավիթյան» հիմնադրամի նախագահ, բարերար Ասո Տավիթյանի եւ Ֆլեթչերի դիվանագիտության եւ իրավունքի դպրոցի դեկան Ջեյմս Ստավրիդիսի ղեկավարած պատվիրակությանը:

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրեց ՀՀ ԱԻՆ կառուցվածքը, գործառույթներն ու ընդհանուր գործունեությունն աղետների ռիսկերի նվազեցման, մարդածին եւ բնական աղետներին բնակչության պատրաստվածության եւ դիմակայունության ոլորտում:

Քննարկվեցին «Տավիթյան» հիմնադրամի միջոցով ԱԻՆ, նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի եւ Ֆլեթչերի դիվանագիտության եւ իրավունքի դպրոցի միջեւ կրթական ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները: Կողմերը նախնական պայմանավորվածություն ձեռքբերեցին նաեւ ակադեմիայում դասավանդող դասախոսական կազմի եւ նախարարության աշխատակիցների վերապատրաստման հնարավորությունների շուրջ:

Հանդիպման ավարտին հյուրերն այցելեցին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղ ծանոթացան կենտրոնի տեխնիկական հագեցվածությանը, գործառույթներին եւ «911» ծառայության գործունեությանը: