ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մայիսի 5-ին, ընդունել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին, ով Հայաստանում է գտնվում «Սանկտ Պետերբուրգի օրերը Երեւանում» ծրագրի շրջանակում:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ նախագահը ողջունել է հյուրին եւ կարեւորել արդեն լավ ավանդույթ դարձած Երեւանում Սանկտ Պետերբուրգի, իսկ Սանկտ Պետերբուրգում Երեւանի օրեր անցկացնելու գաղափարը, որը, նախագահի համոզմամբ, օգտակար ու արդյունավետ հարթակ է երկու քաղաքների միջեւ համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցերի քննարկման համար:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ՌԴ տարածաշրջանների հետ համագործակցությունը հայ-ռուսական դինամիկ զարգացող միջպետական հարաբերությունների կարեւորագույն բաղկացուցիչն է եւ գոհունակությամբ է փաստել, որ ռազմավարական դաշնակից երկու երկրների միջեւ ապակենտրոնացված մակարդակով հարաբերությունները տարեցտարի ամրապնդվում ու խորանում են:
Նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին ընդունելության համար եւ բարձր գնահատել Սանկտ Պետերբուրգի ու Երեւանի միջեւ ձեւավորված հարաբերությունների մակարդակը, որի հիմքում, ըստ նրա, հատկապես վերջին տարիներին բազմաթիվ ոլորտներում երկկողմ ջանքերով իրականացված աշխատանքի արդյունքն է, այդ թվում՝ ապրանքաշրջանառության որոշակի աճը:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկկողմ փոխգործակցությունը զարգացնելու հնարավորություններն ու հեռանկարը:
Սանկտ Պետերբուրգի նահանգապետը եւ հանդիպմանը ներկա Երեւանի քաղաքապետը պատրաստակամություն են հայտնել հետեւողականորեն շարունակելու երկու քաղաքների միջեւ հարաբերությունների զարգացման ու խորացման ուղղությամբ աշխատանքը:






























