Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչները նոյեմբերի 18-ին հանդիպել են Հայաստանում գտնվող ադրբեջանցի ռազմագերիների հետ:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին նշեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հաղորդակցման ծրագրերի ղեկավար Աշոտ Աստաբացյանը:

Վերջինս նշեց, որ իրենք այցելել են ռազմագերիներին` համաձայն աշխատանքային գործընթացի: «Այցելության նպատակները զուտ մարդասիրական են: Ստուգել ենք նրանց ֆիզիկական, հոգեբանական վիճակը, պահման պայմանները: Համաձայն գաղտնիության սկզբունքի»,- ասաց Աստաբացյանը եւ հավելեց, որ ռազմագերիները Կարմիր Խաչի միջոցով նամակագրական կապ են պահպանում իրենց հարազատների հետ:

Հարցին, թե շարունակվո՞ւմ են, արդյոք, բանակցությունները Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին հայրենադարձնելու ուղղությամբ, Աշոտ Աստաբացյանը պատասխանեց. «Մենք չեզոք միջնորդի կարգավիճակ ունենք: Եթե կողմերը մեզ դիմեն, մենք կկազմակերպենք հայրենադարձության գործողությունը»:

Նշենք, որ Հայաստանում գտնվում են երկու ռազմագերիներ՝ Ռոման Հուսեյնովն ու Անար Հաջիեւը: Հաջիեւը հատել էր սահմանը 2009թ. մայիսի 10-ին, իսկ Հուսեյնովը այս տարվա օգոստոսի 27-ին: