Չարժե ճեղքում ակնկալել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովում, կարծում է Caucasian Review of International Affairs պարբերականի խմբագիր Ալեքս Ջեքսոնը:
«Աառավելագույնը, ինչ կարելի է ակնկալել, դա հայտարարությունն է, որը կամրագրի, թե Հայաստանն ու Ադրբեջանը հավատարիմ են խաղաղ գործընթացին եւ «առաջընթացի» են հասել վերջին բանակցություններում»,- ասել է Ջեքսոնը ադրբեջանական 1news.az կայքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ ԵԱՀԿ գագաթաժողովը կենտրոնանալու է տարածաշրջանային անվտանգության խնդիրների վրա, մասամբ այն պատճառով, որ ԵԱՀԿ-ն նախագահող երկիրը Ղազախստանն է, որը սերտ կապեր ունի անկայուն Ղրղըզստանի հետ:
Խմբագրի կարծիքով, «որքան երկար երկար պահպանվի ստատուս-քվոն, այնքան կաճի Լեռնային Ղարաբաղում պատերազմի հնարավորությունը»:
Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ըստ Ջեքսոնի, կողմերը «ճեղքման ճանապարհին» են: «Վերջին շրջանում որոշակի առաջընթաց է արձանագրվել Ռուսաստանի մասնակցությամբ: Բաքուն եւ Երեւանը, ըստ հայտարարությունների, մոտ են համաձայնագրին: Բայց նման հայտարարություններ նախկինում էլ են արվել, ուստի առաջիկայում չարժե հակամարտության լուծում ակնկալել»,- ասել է Ալեքս Ջեքսոնը:




























