Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Արազյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լեւոն Արազյանի շահերի պաշտպան Հովիկ Սուքիասյանը:
Նա նշեց, որ դատավոր Լեւոն Արազյանը որպես կասկածյալ հրաժարվել է ցուցմունք տալուց, պաշտպանը տեղեկացրեց, որ որպես մեղադրյալ եւս նա դեռ ցուցմունք չի տվել:
Նա նաեւ նշեց, որ իր պաշտպանյալը առողջական խնդիրներ ունի. «Նա շաքարային դիաբետ ունի, որը նորմայից 3 անգամ բարձր է»:
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ ինքնիրավչության մեջ մեղադրվող անձի հետ պայմանավորվածության համաձայն՝ մայիսի 5-ին դատավորը դատավճիռը հրապարակել է ակնկալելով՝ մայիսի 10-ին ստանալ իր կողմից պահանջված գումարը՝ 600 ԱՄՆ դոլարը:
Բայց քանի, որ Գրիգոր Շամասուրյանը գտել է, որ դատավորը իր հանդեպ արդար չի վարվում դիմել է Ազգային անվտանգության ծառայությանը:
Այսպիսով, «կաշառք տալու նմանակում» օպերատիվ - հետախուզական միջոցառման շրջանակում մասիսի 11-ին Արարատի եւ Վայոց ձերի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում Գրիգոր Շամասուրյանը գումարը հանձնում է դատավոր Լեւոն Արազյանին:
Արազյանը գումարը վերցնում եւ դնում է իր աշխատասեղանի վրա դրված մի գրքի, ոչ ավել ոչ պակաս Քրեական դատավարության օրենսգրքի 132-133 էջերի մեջ:
Կաշառ ստացած գումարը եղել է 6 հատ 100 ԱՄՆ դոլարանոց:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով:
Արազյանը ձերբակալվել է մայիսի 11-ին, խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:





























