ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից տարբեր ծրագրերի իրականացման համար տարբեր տարիներին հատկացված դրամաշնորհներից հափշտակված գումարի չափը կազմում է շուրջ 409 մլն դրամ: Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
«Ակտիվ քննչական գործողությունները շարունակվում են: Վարույթն իրականացնող մարմինը համագործակցում է Խարդախության դեմ պայքարի Եվրոպական գրասենյակի աշխատակիցների հետ՝ ՀՀ ԵՄ պատվիրակության կողմից դրամաշնորհներից կատարված հափշտակությունների իրական ծավալները պարզելու, մասնակից հնարավոր այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ»,- ասաց Սոնա Տռուզյանը:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խարդախությամբ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհների առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն կատարելու կասկածանքով ապրիլի 26-ին ձերբակալվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանը: Ավելի ուշ նրան մեղադրանք է առաջադրվել:
Նշենք, որ այս գործով կա 13 մեղադրյալ՝ Տիգրան Սուքիասյանը, Գեւորգ Ղազարյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, Արմեն Բարեղամյանը, Անահիտ Ավագյանը, Սերգեյ Բալասանյանը, Դինա Մանուկյանը, Կարեն Ստեփանյանը, Թերեզա Դիլանյանը, Ալեքսանդր Պողոսյանը, ինչպես նաեւ Հրայր Գյոնջյանը, Գարիկ Չիլինգարյանը եւ Գեղամ Պետրոսյանը։ Վերջին երեք անձի՝ Գյոնջյանի, Գարիկ Չիլինգարյանի եւ Գեղամ Պետրոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:





























