Հազիվ թե եվրոպական ներդրումներ գան Հայաստան, քանի դեռ դատարանները անկախ չեն եւ կոռուպցիան իր պատասխանը չի ստացել:  Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, Երեւանում «ԵՄ-Հայաստան հարաբերությունները եւ հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության դեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Նրա խոսքով, Հայաստանն ու Եվրամիությունը ճիշտ ուղու վրա են ու թեեւ 2013-ին Հայաստանը հրաժարվեց Ասոցացման պայմանագրից՝ նախընտրելով ԵՏՄ-ն, այնուամենայնիվ ԵՄ-ն չի հրաժարվում Հայաստանին աջակցելուց։

Սվիտալսկին նկատեց, որ Հայաստանն Արեւելյան գործընկերության երկրներից առաջինն է, որ կառուցողական առաջարկով սկսեց համագործակցել Եվրամիության հետ, ապա հավելեց, որ իրենք հույս ունեն, որ նոյեմբերին Բրյուսելում կստորագրվի ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը։

Իր հերթին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշեց, որ Հայաստանը եւս ցանկանում է, որ նոյեմբերին Բրյուսելում  կայանալիք գագաթաժողովի ժամանակ Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր շրջանակային համաձայնագիրը ստորագրվի. «Ես համոզված եմ, որ կողմերը ջանք չեն խնայում այս գործընթացը ապահովելու համար»:

Նրա խոսքով, թեեւ Համաձայնագիրը առևտրային ռեժիմի տեսանկյունից արտոնյալ չէ, սակայն ունի բավական լուրջ ծածկույթ ոլորտային և համագործակցության ձևաչափեր սահմանելու տեսանկյունից. «Առաջիկա տարիների համար այն հանդիսանալու է բավականին լավ իրավական հիմք՝ ՀՀ–ԵՄ հարաբերությունների զարգացման համար»։