Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակ է գրել Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որտեղ անդրադարձել է Նոր Նորքում «Վիշապի կոթողներ» այգում 4000-ամյա քարե կոթողների ոչնչացմանը եւ մի շարք հարցեր հղել նրան:

Օմբուդսմենի նամակում, մասնավորապես, ասվում է.

«Վերջին մի քանի օրերի ընթացքում զանգվածային տարբեր լրատվամիջոցներով անդրադարձ է կատարվում Երեվանի Նոր Նորք թաղամասում գտնվող «Վիշապի կոթողներե այգում կատարվող ապօրինի շինարարությանը, ծառահատումներին եւ ուրարտական դարաշրջանի 4000-ամյա քարե կոթողների ոչնչացմանը: Ըստ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության, տարածքից 1800 քմ մակերեսի նկատմամբ ինչ որ անձի տրվել է սեփականության իրավունք եւ պետք է կատարվի կառուցապատում: 24.11.2010թ. ՀՀ բնապահպանության նախարարի եւ մի խումբ պատգամավորների միջամտությամբ գործընթացը դադարեցվել է՝ մինչեւ ներկայացված նախագծերի փորձաքննության անցկացումը:

ՀՀ կառավարության՝ «ՀՀ պետական սեփականություն համարվող եւ օտարման ոչ ենթակա պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» 15.03.2007թ. թիվ 385-Ն որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի Նոր-Նորք թաղամասի՝ Գայի պող., բացօթյա ցուցադրության շարքում նշված են նաեւ վիշապաքար եւ տապանաքար հուշարձանները:

Համաձայն «ՀՀ պետական սեփականություն համարվող եւ օտարման ոչ ենթակա պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ ՀՀ-ում օտարման ենթակա չեն ՀՀ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված ու ՀՀ պետական սեփականություն համարվող՝ որոշակի տարածքներ:

Ըստ Մշակույթի նախարարությունից ստացված բանավոր տեղեկատվության՝ մասնավորեցված հողամասը գտնվում է վերոնշյալ հուշարձանների զբաղեցրած եւ առանձնացված տարածքում:

Ուսումնասիրելով առկա տեղեկատվությունը՝ մեզ մոտ առաջացել են հետեւյալ հարցերը.

 1. ովքե՞ր են պատասխանատու պետական սեփականություն հանդիսացող այդ տարածքներում գտնվող հուշարձանների զբաղեցրած եւ առանձնացրած  հողամասերի օտարման համար,

2. ովքե՞ր են տվյալ տարածքում տվել եւ համաձայնեցրել շինարարություն իրականացնելու համար քաղաքաշինական փաստաթղթերը (ճարտարապետահատակագծային առաջադրանք, շինարարության թույլտվություն, նախագիծ):

Հաշվի առնելով վերոգրյալը եւ ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի պահանջներով՝ առաջարկում եմ քննարկել պետական շահերի պաշտպանության համար դատարան հայց ներկայացնելու հարցը, ինչպես նաեւ միջոցներ ձեռնարկել մեղավոր անձանց պատասխանատվության (ներառյալ քրեական) ենթարկելու համար:

Խնդրում եմ արդյունքների մասին տեղեկացնել ինձ»: