Հինգ տարի առաջ այս օրը (նոյեմբերի 27-ին) անցկացված համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով ընտրողների մեծամասնությունը «այո» ասաց սահմանադրական փոփոխությունների փաթեթին՝ գրում է թերթը՝ շարունակելով. «Ո՞րն էր այդ բարեփոխման կարեւորությունը:

Հետաքրքիր է, տարիների հեռվից ինչպե՞ս է գնահատում այդ ողջ գործընթացը հանրապետության երկրորդ նախագահը, որի բոլոր նախաձեռնությունների դեմ պաշտոնավարման տասը տարիների ընթացքում սուր է ճոճել արմատական ընդդիմությունը: Եվ վերջինիս համար հինգ տարի առաջ անցկացված հանրաքվեն բացառություն չէր կարող լինել տիեզերական ոռնոց բարձրացնելու համար:

Վերջերս «Հայոց Աշխարհ» եւ «Գոլոս Արմենիի» թերթերին տված հարցազրույցում պատասխանելով նշված հարցին, Ռոբերտ Քոչարյանը  նկատեց. «Դա մեր պարտավորության իրականացումն էր Եվրախորհուրդ մտնելիս: Բարեփոխման նպատակը սահմանադրության համապատասխանեցումն էր իշխանության ճյուղերի միջեւ հավասարակշռության, քաղաքական մրցակցության պարամետրերի եւ մարդու իրավունքների մասին եվրոպական պատկերացումներին: Ես չէի գերագնահատի սահմանադրական բարեփոխման կարեւորությունը: Դրա նպատակներին հասնելու համար ծայրաստիճան կարեւոր է կիրառման պրակտիկան, կայուն ավանդույթների ձեւավորումը հասարակության քաղաքական մշակույթում: Այսինքն` բուն հանրաքվեն ստեղծում է անհրաժեշտ հիմք, բայց չի երաշխավորում հաջողությունը:  Ցավոք, ես այստեղ նկատելի առաջընթաց չեմ տեսնում, թեեւ իհարկե հասկանում եմ, որ դա իներցիոն գործընթաց է, եւ ժամանակ է պետք վերջնական դատողությունների համար»: 

Ահա այսպես. Ռոբերտ Քոչարյանը չի ցանկանում գերագնահատել սահմանադրական բարեփոխման կարեւորությունը, այլ առավելապես կարեւոր է համարում արդեն հնգամյա կենսագրություն ունեցող, այսպես ասած, «նոր փաստաթղթի» լիարժեք կիրառումը: Մինչդեռ 2005-ին, հենց տարեսկզբից, երբ խորհրդարանում ստեղծված հանձնաժողովը շարունակում էր մշակել նախագիծը, եւ հատկապես նոյեմբերյան քարոզարշավի օրերին արմատական ընդդիմությունը` ի դեմս «Արդարություն» դաշինքի, ինչի մեջ ասես, որ չէր մեղադրում գործող նախագահին»:

Հրապարակման հետագա տողերում կարդում ենք նաեւ. «Այն, որ 1995-ին կեղծիքներով ընդունված սահմանադրությունը Տեր-Պետրոսյանի «հագով էր կարված», իրողություն էր, եւ բնական է, որ հհշականները պետք է ընդվզեին փոփոխությունների դեմ: Անտեսելով Եվրախորհրդի պահանջը, նախկինները սահմանադրական բարեփոխումները համարում էին «սրբապղծություն» եւ այն ամեն գնով կասեցնելու համար «Արդարության» անդամներին էին քսի տալիս Ռոբերտ Քոչարյանի եւ կոալիցիայի վրա: …Սակայն ՀՀՇ-«Արդարությունը» շարունակեց «ոչ»-ի շարժումը. հանրաքվեից մեկ օր առաջ հավաքվեցին հրապարակում, հոխորտացին ու հայհոյեցին, սպառնացին մնալ այնտեղ եւ ողջ գիշեր «քննարկել փոփոխությունները», իսկ առավոտյան ընտրատեղամասեր շտապող մարդկանց «ոչ»-ի զոնդաժ անել կամ խնդրել վերադառնալ տուն:

…Արմատական ընդդիմության շատ նախաձեռնություններից, ինչպես հինգ տարի առաջ, այնպես էլ այսօր նույն հոտն է գալիս»: