G20-ի երկրների առաջնորդները Համբուրգի գագաթնաժողովի արդյունքներով կոմյունիկե են ընդունել: Փաստաթղթում, մասնավորապես, արտացոլված են կլիմայի հարցով ԱՄՆ-ի հետ տարաձայնությունները, առեւտրի ոլորտում պաշտպանական միջոցառումները, ինչպես նաեւ միգրացիայի հետեւանքները հաղթահարելուն վերաբերող հարցեր: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: 

«Մենք ի գիտություն ենք ընդունում Փարիզի համաձայնագրից դուրս գալու՝ ԱՄՆ-ի որոշումը: G20-ի մյուս երկրների առաջնորդները փաստում են, որ Փարիզի համաձայնագիրը վերանայման ենթակա չէ»,- ասված է կոմյունիկեում:

Համաձայնություն է ձեռք բերվել նաեւ բաց շուկաների պահպանման հարցում: Երկրների ղեկավարները դեմ են հանդես եկել հովանավորչությանը՝ միաժամանակ ճանաչելով առեւտրում պաշտպանական միջոցառումների դերը եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գերակայությունը միջազգային առեւտրի նորմերի սահմանման հարցում:

Կոմյունիկեում G20-ի առաջնորդները փաստել են, որ ձեռնարկությունները, որոնք շահույթ են ստանում կոռուպցիոն սխեմաների օգնությամբ, «կարող են պատասխանատվության ենթարկվել»:

Այս համատեքստում G20-ի մասնակիցները պայմանավորվել են դիմակայել հազվագյուտ կենդանիների եւ բույսերի մաքսանենգությանը:

Բացի այդ՝ G20-ի երկրները որոշել են համագործակցել Աֆրիկայի հետ՝ այդ տարածաշրջանում նոր աշխատատեղերի ստեղծմանը եւ տնտեսական աճին նպաստելու նպատակով: Նշվում է, որ դա պետք է նպաստի միգրացիայի դեմ պայքարին:

Միաժամանակ, G20-ի երկրները պայմանավորվել են միավորել ջանքերը՝ միգրացիայի հետեւանքները հաղթահարելու եւ փախստականներին փոխադրողների դեմ պայքարում համագործակցելու համար: