Արաբական աշխարհի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է: Այս մասին, հոկտեմբերի 15-ին, Սանկտ Պետերբուրգում Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Մարզուք Ալի ալ-Ղանիմի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

ԱԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ արաբական աշխարհի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է:

Կողմերը փաստել են, որ վերջին տարիներին երկու երկրների միջեւ զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, որն ամուր հիմք եւ երաշխիք է տարբեր ոլորտներում միջպետական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման համար:

Երկու պետությունների օրենսդիր մարմինների ղեկավարները կարեւորել են միջխորհրդարանական կապերի խորացման անհրաժեշտությունը, պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը, միջազգային հարթակներում արդյունավետ փոխգործակցությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ առեւտրատնտեսական հարաբերությունների աշխուժացման վերաբերյալ եւ հույս հայտնել, որ առկա չիրացված ներուժն արդյունավետ կօգտագործվի: