Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսը նամակ է հրապարակել, որը հոկտեմբերի 9-ին ուղարկվել է Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովին: Նամակում նա կոչ է անում մանրակրկիտ քննել ԼԳԲՏ ներկայացուցիչների իրավունքների խախտումների մասին տեղեկությունները, որոնք վերջերս կալանավորվել եւ ձերբակալվել են Բաքվում:

«Կալանավորումները, որոնք ամբողջությամբ կամ մասնակի հիմնված են սեռական կողմնորոշման կամ գենդերային նույնականության վրա, խտրական են եւ հակասում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային»,- շեշտել է հանձնակատարը՝ տեղեկություններ պահանջելով այն միջոցառումների մասին, որոնք ձեռնարկվել են կալանավորումների օրինականության ստուգման եւ դաժան վերաբերմունքի մասին պնդումների քննության համար:

Հանձնակատարը նաեւ տեղեկություններ է պահանջել դաժան վերաբերմունքի այլ ձեւերի քննության մասին՝ ներառյալ հարկադիր բուժզննումը:

Մույժնիեկսը Ադրբեջանի իշխանություններին խնդրել է տեղեկություններ տրամադրել միջոցառումների մասին, որոնք ձեռնարկվել են պաշտոնատար անձանց, քաղաքական գործիչների եւ լրատվամիջոցների կողմից հայտարարությունների դեմ պայքարելու համար, որոնք ԼԳԲՏ հանրույթի նկատմամբ ատելություն եւ բռնություն են սերմանում: