Այսօր՝ դեկտեմբերի 23-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Էդիկ Ավետիսյանի գլխավորությամբ մերժել է Բնապահպանական շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի հայցը:
Հիշեցնենք, որ Մարիամ Սուխուդյանը դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` խնդրելով վերացնել ՀԿԳ քննիչի որոշումը եւ պարտավորեցնել քրեական գործ հարուցել ընդդեմ Էրեբունու քննչական բաժնի երկու քննիչների, որոնք իր նկատմամբ ապօրինի քրեական գործ էին հարուցել: Սուխուդյանի ներկայացուցիչ Նոնա Գալստյանը հայտնել է, որ պատրաստվում են բողոքարկել դատարանի վճիռը:
Նշենք, որ խոսքը գնում է թիվ 11 հատուկ դպրոցի մանկապիղծ ուսուցիչ Լեւոն Ավագյանի արարքների մասին Մարիամ Սուխուդյանի բարձրաձայնելուց հետո նրա նկատմամբ զրպարտության հոդվածով գործ հարուցելուն: Ակտիվիստը պահանջում է քրգործ հարուցել այն քննիչների դեմ, որոնք ապօրինաբար իր դեմ գործ են հարուցել: Հետագայում այդ գործը կարճվել էր, քանի որ պարզվել էր, որ լեւան Ավագյանն իսկապես դպրոցի սանուհիների նկատմամբ անառակաբարո արարքներ է թույլ տվել, որի համար դատապարտվել է 3 տարվա ազատազրկման:





























