«Մենք չափազանց կարեւորում ենք օտար լեզուների ուսուցումը. սա կարեւորագույն խնդիր է, բայց ոչ՝ օտարալեզու դպրոցներ բացելու միջոցով»,- դեկտեմբերի 24-ին՝ տարավերջի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
«Վերջին հաշվով կարելի է թեքումով դպրոցներ բացել, ես էլ թիվ 114 անգլիական թեքումով դպրոցն եմ ավարտել, բավական լավ կրթություն եմ ստացել։ Այս ուղղությամբ է պետք գնալ։ Իսկ ամենակարեւորը կրթության որակի բարելավումն է, մի քանի դպրոցով կրթության որակի հարցը չես լուծի, ընդհանուր համակարգի որակը պետք է բարձրացնել։ Առաջին հերթին այդ հարցն է պետք լուծել»,- ամփոփեց Դեմիճյանը։
Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Հայաստանի խորհրդարանը 69 կողմ, 1 դեմ ձայներով ընդունեց «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որը ենթադրում է երկրում օտարալեզու դպրոցների բացում:
Օրինագծին դեմ էին քվեարկել անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, իսկ ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունները չէին մասնակցել քվեարկությանը:
Օտարալեզու դպրոցներին կողմ արտահայտվողները նշում են միջազգային հանրությանն ինտեգրվելու եւ օտար լեզուների լավ իմացության կարեւորությունը, իսկ հակառակորդները պնդում են, որ օտար լեզու սովորելու համար պետք է բարձրացրել օտար լեզուների ուսուցման մակարդակը դպրոցներում, այլ ոչ ամբողջությամբ կրթությունը դարձնել այլ լեզվով, որի արդյունքում հայ երեխաների համար մայրենի լեզուն հայերենի փոխարեն դառնում այն լեզուն, որով նրանք կրթվում են:





























