Մինչեւ 2022 թվականը տնտեսության խթանման կառավարության հինգամյա ծրագրի իրականացման ընթացքում ՀՆԱ-ն կարող է հասնել 22 մլրդ դոլարի։ Այսպիսի կարծիք փետրվարի 14-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։ Միաժամանակ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կարող է ավելանալ 1,5 անգամ։
Նրա խոսքով՝ 2017 թվականը տնտեսական աճի տեսանկյունից բավականին ակտիվ տարի էր, որին հիմնականում նպաստել է հատկապես մետաղների, պահածոների, հրուշակեղենի, շինանյութերի, տեքստիլի, մսամթերքի արտադրանքի եւ արդյունահանման աճը: Դրա հետ մեկտեղ աճում է ալկոհոլային խմիչքների արտահանումը Ռուսաստան՝ բացի կոնյակից, որին բաժին է ընկնում ռուսական շուկա արտահանված ալկոհոլի հիմնական մասնաբաժինը, հայկական արտադրողները սկսել են արտահանել նաեւ մրգային օղի: «Հաշվի առնելով հայրենական արտադրության ակտիվացումը՝ մենք կարող ենք սկզբունքորեն հավատալ հայտարարված 7 տոկոս տնտեսական աճին», - նկատել է Մակարյանը։
ՀԿ ղեկավարի կարծիքով՝ տնտեսության աճը հիմնականում պայմանավորված է մինչեւ 2,2 միլիարդ դոլար արտահանման աճով, ինչպես նաեւ մինչեւ 54 տոկոս արտահանման հարաբերակցության աճով ներկրման համեմատ՝ նախորդ մեկը երեքի հարաբերկացության ցուցանիշների համեմատ:
«Եթե ընթացիկ աճի տեմպերը պահպանվեն, 2022 թ. Հայաստանի ՀՆԱ-ն կկազմի առնվազն 22 մլրդ դոլար, միաժամանակ կհաջողվի տնտեսության դիվերսիֆիկացումը», - եզրափակել է նա՝ հավելելով, որ արտահանումը կարող է հասնել 7 մլրդ դոլարի կամ ՀՆԱ-ի 40-45 տոկոսը։
Նշենք, որ Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2017 թվականին տնտեսական աճը կազմել է 6,4 տոկոս՝ երկու անգամ ավելին կանխատեսված ցուցանիշից։



























