ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Սենատը դեմ է քվեարկել կիսաավտոմատ AR-15 հրացանի վաճառքի մորատորիումին, որով զինված էր 19-ամյա Նիկոլաս Քրուզը, որն անցյալ ամիս Փարքլենդի դպրոցում 17 մարդու է գնդակահարել: Այս մասին հայտնում է CBS-ն:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Սենատի անդամները նախ հաստատել են լրացումը, որը 2 տարով հրացանի վաճառքի մորատորիում կնշանակեր, սակայն արդեն մի քանի րոպե հետո որոշումը չեղյալ է համարվել՝ ըստ անվանական քվեարկության արդյունքների: Արդյունքում արգելքին կողմ է քվեարկել 17 մարդ, դեմ՝ 21:
Մարտի 3-ին Ֆլորիդայի Սենատում օրինագծի տասնյակ լրացումներ են քննարկվել՝ ուղղված դպրոցներում անվտանգության ուժեղացմանը եւ զենքի վաճառքի սահմանափակմանը: Օրինագծի վերջնական քվեարկությունը տեղի կունենա մարտի 5-ին:
Փարքլենդում ողբերգությունը տեղի է ունեցել փետրվարի 14-ին: Աշակերտների եւ ուսուցիչների վրա կրակել էր 19-ամյա Նիկոլաս Քրուզը, ով նախկինում այս դպրոցից հեռացվել էր կարգապահության բազմաթիվ խախտումների համար: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նա կարող էր զենքը ձեռք բերել օրինականորեն, չնայած նախկինում բուժում է անցել հոգեբուժական կլինիկայում:




























