Շատ մեծ է Արկտիկայում եւ Սիբիրում սիբիրախտով անասունների գերեզմանոցների հալչելու վտանգը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի Վայրի բնության համաշխարհային ֆոնդի (WWF) կլիմայի ծրագրի ղեկավար Ալեքսեյ Կոկորինը:
«Անասունների թաղման վայրերի հալչելու վտանգն իսկապես շատ մեծ է, ըստ որում՝ անհամաչափ. ինչ-որ տեղ հալչելու վտանգը զրոյական է, իսկ ինչ-որ տեղ ամեն ինչ կարող է շատ արագ տեղի ունենալ: Հարկավոր է հասկանալ, որ սա երկարաժամկետ գործընթաց է՝ ամբողջ 21-րդ դարի ընթացքում: Բոլոր կանխատեսումները վկայում են, որ ամբողջ շերտով տեղի կունենա հավերժական սառածության ավելի խորքային ամառային հալոցք՝ սկսած Արխանգելսկի մարզից մինչեւ Յակուտիա, Կոլիմա եւ Հարավային Սիբիր»,- հայտարարել է Կոկորինը:
Նրա խոսքով՝ տեղի է ունենում ոչ թե պարզապես ստորին սառածության սահուն հալոցք, այլ ստորգետնյա սառցաշերտի՝ ջերմակարստի արագ հալոցք: Դրանից զատ, մեծանում է գարնանային հորդացումը, եւ գետերը ողողում են ափերը՝ գերեզմանոցների եւ թաղման վայրերի հետ միասին: Դրանից բացի, հավերժական սառածության հալչելու հետեւանքով ափերի բնահողը ավելի է փափկում:
«Գետերը ողողում են անասունների թաղման վայրերը եւ սիբիրախտոից մահացած մարդկանց հնագույն գերեզմանատեղիները: Մեր նախնիները հաճախ իրենց ազգականներին հուղարկավորում էին գետերի բարձր ափերին, իսկ այսօր ափերի ողողումը ավելի արագ է ընթանում: Պարտադիր չէ, որ այնտեղ լինեն խաչերով գերեզմաններ, դրանք կարող են լինել գրեթե աննկատելի շիրիմներ, որոնք վտանգ են պարունակում»,- հավելել է WWF-ի ներկայացուցիչը:
Փորձագետի կարծիքով՝ անհրաժեշտ է կազմել անասունների եւ մարդկանց թաղման վայրերի մանրամասն քարտեզ ու դրանք մանրակրկտորեն հետազոտել:
Ռուսաստանում գրանցված է 100-ից ավելի սիբիրախտից սատկած անասունների թաղման վայրեր, այդ թվում՝ մոտ 400-ը արկտիկական շրջանում: Սիբիրախտի հարուցիչի սպորի երկար ժամանակ (50 տարուց ավելի) հողում պահպանվելու հատկությունը առաջացնում է կայուն բնահողային օջախներ, որը համաճարակների առաջացման իրական սպառնալիք է ստեղծում: Այս հարուցիչը դիտարկվում է որպես բիոտեռորիզմի հիմնական կենսաբանական խոցող ագենտ, որը 2001 թվականին ցուցադրվել է ԱՄՆ-ում:




























