ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Ռուսաստանին մեղադրել է ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի դեմ մահափորձի մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ըստ որում՝ նա համապատասխան ապացույցներ է ներկայացրել:
«Ինքնիշխան պետության տարածքում համանման հարձակման, մասնավոր քաղաքացու սպանության փորձի համար երբեք արդարացումներ չկան, եւ մենք վրդովված ենք, որ Ռուսաստանը, ըստ երեւույթին, դարձյալ նման պահվածք է ցուցադրում: Ուկրաինայից մինչեւ Սիրիա, իսկ հիմա նաեւ մինչեւ Մեծ Բրիտանիա, Ռուսաաստանը շարունակում է անպատասխանատու ուժ մնալ, որն աշխարհում անկայունություն է ստեղծում, գործում է այլ երկրների ինքնիշխանության եւ սեփական քաղաքացիների կյանքի նկատմամբ բացահայտ քամահրանքով»,- հայտարարել է Թիլերսոնը:
Նա հասկացրել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հայտարարությունը Ռուսաստանի հնարավոր մասնակցության մասին ԱՄՆ-ի հետ համակարգվել է:
«Միացյալ Նահանգները նախքան այսօրվա հայտարարությունը կապի մեջ էր Միացյալ Թագավորության մեր դաշնակիցների հետ: Նաեւ հեռախոսազրույց է եղել պետքարտուղարի եւ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի միջեւ: Մենք լիովին վստահում ենք Մեծ Բրիտանիայում կատարվող քննությանը եւ գնահատականներին, որ Ռուսաստանը, հավանաբար, պատասխանատու է նյարդակաթվածահարող գազի օգտագործմամբ հարձակման համար, որն անցյալ շաբաթ տեղի է ունեցել Սոլսբերիում»,- ասել է Թիլերսոնը:
«Մենք համաձայն ենք, որ պատասխանատուները՝ ե՛ւ նրանք, ովքեր հանցագործությունն իրագործել են, ե՛ւ նրանք, ովքեր պատվիրել են, պետք է բախվեն լուրջ հետեւանքների: Մենք համերաշխ ենք Միացյալ Թագավորության մեր դաշնակիցների հետ եւ կշարունակենք մեր արձագանքը սերտորեն համակարգել»,- եզրափակել է ԱՄՆ պետքարտուղարը:



























