Երեւանի հիմնադրման 2750-ամյակի այգին կբարեկարգվի: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայցով եղել է Երեւանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված այգում, որն առաջիկայում նախատեսվում է վերանորոգել ու բարեկարգել:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ այդմ Երեւանի քաղաքապետը տեղում մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին՝ ընդգծելով, որ իրականացվելիք աշխատանքների շրջանակում որպես հիմնական առաջնահերթություն պետք է դիտարկվի հանգստի այս գոտին թե՛ երեւանցիների եւ թե՛ մայրաքաղաքի հյուրերի համար, Երեւանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ, առավել հարմարավետ ու ներկայանալի դարձնելը: Այս համատեքստում հանձնարարվել է համապատասխան աշխատանքներ տանել հանգստի գոտում առկա շատրվանների արտաքին տեսքի թարմացման ու նորոգման, ճեմուղիների վնասված սալիկների փոխարինման եւ կանաչ տարածքների պատշաճ խնամքի ու ձեւավորման ուղղությամբ:

Արդեն իսկ հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում հանգստի այս գոտու տրամաբանական շարունակությունը հանդիսացող Իտալիայի եւ Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այգում, որը նվիրվելու է Երեւանի հիմնադրման 2800-ամյակին: Այսպիսով, Երեւանի հիմնադրման հոբելյանին ընդառաջ, մայրաքաղաքի այս երկու այգիները նորովի կներկայանան մայրաքաղաքի բնակիչներին ու կհամալրեն երեւանյան բարեկարգ եւ հարմարվետ հանգստի գոտիների շարքը: