Իշխանությունների կողմից «Սասնա ծռերին» իրավական գնահատական տալու խնդիր չկա, Իշխանությունների վճիռը քաղաքական է լինելու: NEWS.am- ի հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը` անդրադառնալով «Սասնա ծռերի» դատավարությանը:

«Ոչ ոք չէր էլ սպասում, որ տեղի կունենա իսկական արդարադատություն, այդպիսի պատրանքներ չեն եղել։ Ինքը քաղաքական դատավարություն է, այսինքն ըստ էության քաղաքական այն իմաստով, որ իշխանությունների կողմից իրավական գնահատական տալու խնդիր չկա, այլ իրենց կողմից վճիռը քաղաքական է լինելու։ Իհարկե, ինքը` «Սասնա ծռերի» ապստամբական գործողությունը իր էությամբ քաղաքական ակցիա է, այդ իմաստով համընկնում կա, բայց իրավական գործընթաց չի նախատձեռնվում եւ իրականացվում եւ զուտ իրավական իմաստով այստեղ դատավարություն չկա», -ասաց Ալեք Ենիգոմշյանը։

Ալեք Ենիգոմշյանի խոսքով` իր ասածի վառ ապացույցն է 2017-ի հունիսի վերջին դատարանի շենքում ոստիկանների կողմից «Սասնա ծռերի» անդամներին ծեծելը,որը մինչեւ հիմա ոչ մի իրավական գնահատականի չի արժանացել:

«Մենք տեսանք դրա ապացույցները առաջին օրվանից, եւ ամենախայտառակը` այն բռնությունը, որը տեղի ունեցավ 2017-ի հունիսի վերջին դատարանի շենքում ոստիկանների կողմից, որը, ես նորություն ասած չեմ լինի, եթե ասեմ, որ դա բազմաթիվ տասնամյակների պատմության ընթացքում չտեսնված երեւույթ է եղել, նույնիսկ խորհրդային շրջանում նման բան չի եղել։ Չեմ ասում խորհրդային շրջանում արդարացի է եղել դատարանը, բայց այս աստիճան ծաղր արդարադատության ինստիտուտի նկատմամբ չի եղել։ Դա նաեւ ապացուցվել է փաստաբանների իրավունքների բազում խախտումներով, փաստաբանների վրա ճնշման տարբեր ձեւերով եւ նրանց խուզարկման երկարատեւ դրսեւորումներով եւ նիստերի ժամանակ նրանց նկատմամբ բազմաթիվ սանկցիաներով»,- հավելեց նա։

Ալեք Ենիգոմշյանի կարծիքով` «Սասնա» ծռերի ապստամբական գործողությունը չհասավ իր առջեւ դրված հիմանկան խնդրի լուծմանը` այն է` շխանությունների հեռացումը, սակայն որոշ հացեր այնուամենայնիվ լուծեց. «Ամենաէական խնդիրը եւ բնականաբար իշխանությոնների հեռացումից հետո ինքնիշխան եւ Հայաստանի պետական իշխանությունների եւ հասարակարգի ձեւավորումը, պարզ է, որ չի իրականացրել «Սասնա ծռերի» գործողությունը, բայց այն իրականացրեց շատ շատ խնդիրներ, օրինակ` Արցախի խնդրի հետ կապված զարգացումները, վստահ եմ,որ շատ էական նշանակություն ունեցավ պարտվողական կեցվածքներ դրսեւորելու եւ դրանք ամրագրելու գործընթացը կանխելու առումով»։