Արդվի գյուղը շարունակում է դիտարկվել ՄԱԶԾ-ի էկոտուրիզմի զարգացման ծրագրում, հաղորդում է «Էկոլուրը»:
Նշենք, որ օրերս մամուլում տեղեկատվություն տարածվեց, որի համաձայն Լոռու մարզի Արդվի գյուղը, որտեղ ոսկի է փնտրում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին պատկանող ՍՊԸ-ի տնօրենը, դուրս է բերվել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Գյուղական տուրիզմի ինտեգրված զարգացում» ծրագրից, որի նպատակը գյուղական եւ էկոտուրիզմի զարգացումն է:
ԷկոԼուրի հետ զրույցում ծրագրի համակարգող Արմեն Վալեսյանը ժխտեց այս տեղեկատվությունը` նշելով, որ ծրագիրը դեռ չունի վերջնական ցանկ, եւ Արդվին շարունակում է դիտարկվել որպես ծրագրի թիրախային գյուղ:
«350 գյուղից պետք է ընտրվեն տուրիզմի զարգացման համար բարձր պոտենցիալ ունեցող 60 գյուղեր: Վերջնական ցանկ դեռ չկա, Արդվին ոչ ընտրվել է, ոչ էլ դուրս է բերվել, այն ընթացիկ գյուղերի ցանկի մեջ է: Ասեմ ավելին, Արդվիում մենք արդեն ունենք կատարած աշխատանք. այնտեղ մենք քայլուղի ենք ապահովել դեպի գյուղի վերեւի բլուրը: Արդվին ունի հեռանկարներ ընդգրկվելու ծրագրում, ինչպես մնացած 350 գյուղերը, - ասաց Արմեն Վալեսյանը եւ հավելեց, - ես կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր ունեն Արդվիում եւ նաեւ մնացած գյուղերում տուրիզմի զարգացման գաղափարներ, թող դիմեն մեզ: Ցանկացած միտք մեր կողմից ողջունվում է, եւ մենք պատրաստ ենք սատարել»:
Հիշեցնենք, որ 2017 թ-ի հուլիսին հայտնի դարձավ, որ Արդվի գյուղը հայտնվել է հանքարդյունաբերության վտանգի առջեւ: «Միռամ» ՍՊԸ-ն հավակնում էր երկրաբանական ուսումնասիրություն անցկացնել «Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերեւակման տարածքում: Գյուղի ապագան տուրիզմի հետ կապող արդվեցիներին հաջողվեց պաշտպանել իրենց իրավունքները եւ կանխել հանքարդյունաբերական ծրագիրը: Արդվեցիների բոյկոտից հետո «Միռամ»-ը նոր հայտ ներկայացրեց բնապահպանական փորձաքննության, որում Արդվիի տարածքը դուրս էր բերվել նախատեսվող գործունեության տարածքից: Սակայն անմիջական ազդեցությունը Արդվիի վրա էր լինելու: Այդ հայտը եւս արժանացավ բոյկոտի եւ հետ ուղարկվեց լրամշակման:
Օրեր առաջ արմատներով Արդվի գյուղից Ավետիք Քալանթարյանը «Բնությունը եւ սոցիալական կորպորատիվ պատասխանատվությունը» խորագրով քննարկման ժամանակ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի ներկայությամբ բարձրացրեց Շեկաղբյուրի ծրագրի հարցը` շեշտելով, որ այդ ծրագրի իրականացումը անթույլատրելի է: Քալանթարյանը հարց տվեց` ինչ է լինելու Շեկաղբյուրի հայտի հետ:
Արձագանքելով հարցին` նախարար Մինասյանը պատասխանեց. «Պատահական չէ, որ Շեկաղբյուրի ծրագրի ամբողջ փաթեթը հետ է վերադարձվել, որովհետեւ բազմաթիվ հարցադրումների պատասխաններ այդ փաթեթում չկան: Քանի դեռ այդ փաթեթը չի ամբողջացվել, քանի դեռ հանրային լսումները եւ հանրության կողմից բարձրացված հարցերը սպառիչ պատասխաններ չեն ստացել, քանի դեռ մենք այստեղ ռիսկեր ենք տեսնում, որոնք պատշաճ գնահատված չեն, մենք չենք կարող դրական եզրակացություն տալ այս ծրագրին»:



























