Ֆինլանդիայի Աալտոյի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է արագ հավաքել անհրաժեշտ տեքստը, գրում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով Sciency Daily-ն:

Փորձարկմանը մասնակցել է 169 հազար մարդ 200 երկրից, որոնք գրանցվել են հատուկ կայքում: Հատուկ ծրագիրը վերլուծել է տպագրության արագությունը եւ տպագրման այլ հատկանիշները: Ընդհանուր առմամբ վերլուծվել է ստեղնաշարին 136 մլն հպում: Կամավորները նաեւ տվյալներ են տրամադրել իրենց սեռի, տարիքի, մասնագիտության մասին:

Պարզվել է, որ նրանք, ովքեր ավելի արագ են տպում, ավելի քիչ սխալներ են թույլ տալիս: Իսկ նրանք, ովքեր ավելի դանդաղ են տպում, ավելի շատ ժամանակ են ծախսում որոնման եւ սխալների ուղղման համար: Արագ տպման մեկ այլ առանձնահատկությունը մի քանի ստեղնի միաժամանակյա սեղմումն է: Արագ տպող մարդիկ հաճախ անհրաժեշտ սիմվոլն ավելի շուտ են սեղմում, քան պետք է: 

Այժմ միջին տեքստ հավաքողը 1 րոպեում 52 բառ է հավաքում: Գիտնականները նշում են, որ դա շատ ավելի քիչ է, քան 1980-ականների մեքենագրողների դեպքում, երբ միջինում 1 րոպեում 60-90 բառ էր հավաքվում,  իսկ փորձառու մասնագետները տպում էին մինչեւ 120 բառ:

Ուսումնասիրված նյութի հիման վրա գիտնականները մի քանի առաջարկ են մշակել: Փորձել սխալներ թույլ չտալ, քանի որ դրանց ուղղման համար շատ ժամանակ է ծախսվում, նախօրոք մատը դնել անհրաժեշտ ստեղնի վրա, սովորել տպել՝ առանց ստեղնաշարին նայելու, քանի որ ավելի հեշտ է ուղղել սխալները: