Դերասան Ռասել Քրոուն գրեթե 3 մլն դոլար է ստացել՝ աճուրդում վաճառելով իր անձնական իրերն ու այն ֆիլմերի ռեկվիզիտը, որում դերասանը նկարահանվել է։ Այս մասին հայտնել է Sotheby's աճուրդի տան ավստրալիական մասնաճյուղը՝ ամփոփելով Սիդնեյում անցկացված աճուրդի արդյունքները, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Վաճառվել է 226 լոտերի ավելի քան 85 տոկոսը՝ ընդհանուր 3 մլն 719 հազար 963 դոլար արժեքով»,–հայտնել է Sotheby's Australia–ի ներկայացուցիչը։
Աճուրդի ժամանակ դահլիճ է եկել ինքը՝ դերասանը եւ ողջունել գնորդներին։ Աճուրդը նրա առաջարկով կրել է «Բաժանման արվեստը» խորագիրը՝ նախորդ տարվա ավարտին դերասանը վերջնականապես ավարտել է ավստրալիացի դերասանուհի Դենիել Սփենսերի հետ ամուսնալուծությունը, որից բաժանվել էր 6 տարի առաջ եւ շատ խոշոր գումար էր նրան թողել։
Աճուրդի հանված իրերի թվում գնորդների շրջանում առավել հետաքրքրություն են առաջացրել Ջեք Օբրիի ջութակը «Ծովերի տիրակալը. Երկրի այն կողմում» (Master and Commander: The Far Side of the World) ֆիլմից, որը վաճառվել է 135 հազար դոլարով, Մակսիմուսի ալյումինե սուրը եւ բուտաֆորիական կառքը «Գլադիատոր» (Gladiator) ֆիլմից՝ համապատասխանաբար 85.4 հազար եւ 79.3 հազաչ դոլարով, իսկ «Գլադիատոր» ֆիլմի փայտյա սուրը, որով Քրոուն սովորել է սուսերամարտ վարել, վաճառվել է 24.4 հազար դոլարով։
Ինքը՝ դերասանը, աճուրդի արդյունքներն իր ծննդյան տարեդարձի լավ նվեր է անվանել։




























