ԳՈՒՄ-ի շուկայում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որին, ըստ մամուլի տեղեկությունների, մասնակցել է նաեւ Գագիկ Բեգլարյանը, ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել՝ Հայաստանի քր.օր.-ի 258 հոդվածի հատկանիշներով (Խուլիգանություն): Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից:
Դիտարկմանը, որ ըստ որոշ լուրերի՝ միջադեպին մասնակցել է նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը պատասխանեց. «Այս պահին քննություն է ընթանում, եւ ձեր նշած անձի մասին առայժմ որեւէ տեղեկություն չկա, որ նա մասնակցել է»:
Նշենք, որ հայաստանյան լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն անցած կիրակի էլի մարդ է ծեծել, այս անգամ նա խփել է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի օգնականին՝ Էդուարդ Մելքոնյանին։ Ըստ այդմ, հունվարի 23-ի երեկոյան Գումի շուկայի մոտ Գագիկ Բեգլարյանի մարդիկ «ռազբորկա» են ունեցել Մելքոնյանի հետ, սկսվել է ծեծուջարդ, վերջում «վրա է հասել» ինքը՝ Բեգլարյանը, որ բաժանի կռվողներին, բայց նա եւս «մի երկու մուշտի է հասցրել» Մելքոնյանին։
Էդուարդ Մելքոնյանը ոստիկանության Կենտրոնականի բաժին հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ հունվարի 23-ի երեկոյան, ժամը 23-ի սահմաններում Արհեստավորների փողոցում իրեն ծեծի են ենթարկել Գումի շուկայի անվտանգության աշխատակիցներն եւ պատճառել մարմնական վնասվածքներ:





























