Ֆինլանդիայի մայրաքաղաքում շաբաթ տեղի ունեցած գեյ շքերթին մասնակցել է մոտ 100 հազար մարդ, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Հելսինկիի ոստիկանությանը:
Երթը սկսվել է 13:00-ին Սենատի հրապարակում եւ շարժվել Կայվոպուիստո այգի, որտեղ տոնական համերգ է տեղի ունեցել, հաղորդում է ֆիննական Yle-ն: Տոնին մասնակցել են հայտնի ֆին քաղաքական գործիչներ, երաժիշտներ եւ արտիստներ, ինչպես նաեւ Հելսինկիի քաղաքապետ Յան Վապավուորին:
2018-ին Հելսինկիի գեյ շքերթի գլխավոր թեման դարձել է «ձայնը»: Կազմակերպիչների խոսքով, այս թեման նպատակ ունի ընդգծել հասարակության բազմազանությունը եւ թույլ տալ հնչել այն ձայներին, որոնք հաճախ չեն լսվում:





























