Թերթը զրուցել է Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովի հետ: Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում արտախորհրդարանական որոշ ուժերի` ԲՀԿ-ին միանալու որոշմանը, պատգամավորը պատասխանել է. «ԲՀԿ-ն մեր կոալիցիոն դաշնակիցն է, նրա գործունեության մեջ որեւէ արտառոց դրսեւորում չկա: Ողջ աշխարհում է կուսակցությունների խոշորացման գործընթաց տեղի ունենում, քանի որ փոքր ու սահմանափակ հնարավորություններ ունեցող կուսակցությունները իրենց քաղաքական նպատակներն իրականացնելու այլ ճանապարհ չունեն:

Մեր երկրում եւս քաղաքական դաշտի կոնսոլիդացիան ողջունելի է, եթե դա կատարվում է գաղափարական հենքի վրա: Յուրաքանչյուր քաղաքական կառույց իրավասու է ինքնուրույն որոշել իր անցնելիք քաղաքական ճանապարհը: Եթե որոշ կուսակցություններ որոշել են միավորվել, ապա Հանրապետականին այդ գործընթացները չեն կարող անհանգստացնել»:

Ըստ Շարմազանովի` միանգամայն հասկանալի ու ընկալելի է, որ միավորման գործընթացները ակտիվանում են նախընտրական տարում, քանի որ միշտ էլ ընտրություններից առաջ քաղաքական դաշտում վերադասավորումներ լինում են: «Կարծում եմ, տարվա երկրորդ կեսին քաղաքական կրքերն ավելի կթեժանան, կարող են նաեւ բորբոքումներ լինել, քանի որ քաղաքական ուժերը մարտավարական ու ռազմավարական տարբեր մեթոդներով ձգտելու են առավելագույն արդյունք ստանալ ընտրություններից:

Համոզված եմ, որ այս զարգացումները չեն կարող որեւէ կերպ թուլացնել Հանրապետականին: Ի վերջո, որեւէ քաղաքական համագործակցություն կամ կոալիցիա հավերժ չէ: ԲՀԿ-ն ինքնուրույն քաղաքական ուժ է, ինքն է որոշում` ինչպես պատրաստվել ու մասնակցել ընտրություններին»,- ասել է նա: