Հուլիսի 2-ին Արցախի Հանրապետության խորհրդարանի՝ հունիսի 28-ի հերթական նիստի ժամանակ պատգամավորներ Ժաննա Գալստյանի եւ Հայկ Խանումյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի մանրամասներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձաժողովը գումարել է հերթական փակ նիստը: Նիստին հանձնաժողովի հրավերով ներկա է եղել նաեւ ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Նիստից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հանձնաժողովի նախագահ Արթուր Թովմասյանը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող հարցերին:

Էթիկայի հանձնաժողովի հաջորդ փակ նիստը նախատեսվում է վաղը՝ հուլիսի 3-ին:

Նշենք, որ հունիսի 28-ին, Արցախի ԱԺ նիստում միջադեպ է տեղի ունեցել պատգամավորներ Հայկ Խանումյանի եւ Ժաննա Գալստյանի միջեւ: Վերջինս հայհոյել է Հայկ Խանումյանին եւ ստացել նույնպիսի պատասխան: Ժաննա Գալստյանը ծնունդով տավուշցի Հայկ Խանումյանին անվանել է «գյալմա» (եկվոր), ինչը լուրջ քննադատության է արժանացել հասարակության եւ պատգամավորների շրջանում:

Ավելի ուշ Ժաննա Գալստյանը ներողություն է խնդրել բոլորից՝ նման բառ օգտագործելու համար: