Հյուսիսային Կորեան ափսոսանք է հայտնել բանակցություններում ԱՄՆ-ի դիրքորոշման կապակցությամբ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ին:
Նշվում է, որ ԿԺԴՀ-ն կողմ է արտահայտվել երկու երկրների միջեւ փոխանակումների ընդլայնմանը եւ Կորեական թերակղզում պատերազմական դրության դադարեցման հայտարարությանը, մինչդեռ ԱՄՆ-ն Փհենյանում կայացած բանակցություներում պետքարտուղար Մայքլ Պոեմպեոյի մասնակցությամբ միակողմանիորեն պնդում է լիարժեք ապամիջուկայնացման մասին. «Այս դիրքորոշումը վտանգավոր իրավիճակ է առաջացնում, որի դեպքում ապամիջուկայնացման համար Հյուսիսային Կորեայի վճռականությունը կարող է սասանվել», - նշվում է ԿԺԴՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունում:
«Ամենակարճ ճանապարհը փուլ առ փուլ եւ փոխադարձ գործողությունների վրա հիմնված քայլերն են», - նշում է Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը:
Ավելի վաղ այսօր պետքարտուղար Մայքլ Պոեմպեոն ավարտեց իր երկօրյա պաշտոնական այցը Փհենյան, որտեղ բանակցել էր Աշխատանքային կուսակցության միասնական ճակատի բաժնի պետ Կիմ Յոն Չխոլի հետ: Պոմպեոն հանդիպումից հետո նշել էր, որ կողմերը բոլոր քննարկվող հարցերի վերաբերյալ կարողացել են առաջընթացի հասնել:





























