Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հանդես է եկել ռազմական ոլորտում բարեկամական երկրների հետ համագործակցության ընդլայնմամբ, որոնց թվում նա նշել է Ռուսաստանին, Չինաստանին, Թուրքիային եւ Իրանին: Նա այս մասին հայտարարել է երեքշաբթի Պուերտո-Կաբելիո նավահանգստում ելույթ ունենալով ազգային հերոս Սիմոն Բոլիվարի ծննդյան 235-ամյակին եւ երկրի ՌԾՈՒ 195-ամյակին նվիրված շքերթում, հայտնում է Ultimas Noticias պորտալը:
«Մենք կվերականգնենք համագործակցությունը Ռուսաստանի, Չինաստան, բարեկամական երկրների, Թուրքիայի եւ Իրանի հետ, որպեսզի ամրապնդենք ծովային եւ ստորջրյա պաշտպանությունը, Վենեսուելայի համալիր հրթիռային պաշտպանությունը»,- հայտարարել է Մադուրոն:
Վենեսուելայի առաջնորդը հավաստիացրել է, որ իր երկիրը կպահպանի ազատությունն ու անկախությունը ընդդեմ «իմպերիալիստական ագրեսիայի»: «Նրանք երբեք չեն կարողանա մեզ կոտրել, Վենեսուելան կշարունակի ընթանալ ազատության ճանապարհով, մենք ընդմիշտ կմնանք ազատ ու ինքնիշխան: Նեոգաղութատիրությանը վերադարձ չի լինի»,- հայտարարել է Մադուրոն:
Նախկինում Վենեսուելայի առաջնորդը քանիցս նշել էր, որ զինված ուժերը պետք է մշտապես պատրաստ լինեն երկիրը հնարավոր ագրեսիայից պաշտպանելու համար: Նա այս հայտարարությունները կատարել էր, երբ Associated Press գործակալությունը հայտնել էր, որ 2017-ի օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր խորհրդականների հետ քննարկել է Վենեսուելա ռազմական ներխուժման հնարավորության հարցը:





























