Մյանմարի հյուսիսում լեռնահանքային հանքահորում փլուզման հետեւանքով առաջացած սողանքից հետո առնվազն 27 մարդ անհետ կորած է համարվում, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Գործակալությանը տեղի ոստիկանությունից հայտնել են, որ երեքշաբթի սողանքն առաջացել է նեֆրիտի արդյունահանման չօգտագործվող հանքահորի 90-մետրանոց պատի փլուզման հետեւանքով: Հանքահորը պատկանում է Ayeyar Yadanar Company ընկերությանը:
Գործակալության տեղեկություններով՝ ներկայումս որոնողափրկարարական գործողությունները դադարեցվել են անվտանգության նկատառումներով, քանի որ շրջանում նոր սողանքներ են սպասվում:
Ավելի վաղ շրջանում նման չափի սողանք էր տեղի ունեցել հուլիսի 14-ին: Արդյունքում զոհվել էր առնվազն 10 նեֆրիտ որոնող, եւս 43-ը մարմնական վնասվածքներ էր ստացել, նշում է «Սինհուան»:





























