Բելգիայում ջերմաստիճանի հերթական ռեկորդն է սահմանվել. Արեւելյան Ֆլանդրիայում +38 աստիճան է գրանցվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով KMI/IRM թագավորական օդերեւութաբանական ինստիտուտի ներկայացուցչին:
«Զելզատե քաղաքում՝ +38.2 աստիճան: Ամենաշոգ վայրը Բելգիայում եւ ռեկորդ կայանում: Արեւելյան Ֆլանդրիայում դեռ երբեք այսքան շոգ չի եղել»,- Twitter-ում գրել է ինստիտուտի ներկայացուցիչ Դավիդ Դեհենաուն:
Ինստիտուտի տվյալներով՝ հուլիսին Բելգիայում միջին ջերմաստիճանը սովորաբար տատանվում է +18-ից +23 աստիճանի միջեւ:
Հինգշաբթի Բրյուսելի օդերեւութաբանական կայանը նույնպես այդ օրվա համար ռեկորդ է գրանցել՝ +34 աստիճան: Երեկոյան շոգ եղանակին փոխարինել են հորդառատ անձրեւներն ու ամպրոպը՝ քամու ուղեկցությամբ. ծառեր են տապալվել, մի շարք փողոցներ հեղեղվել են:



























