Զիմբաբվեի «Հանուն դեմոկրատական փոփոխությունների շարժման» առաջնորդ եւ Զիմբաբվեի նախագահի գլխավոր ընդդիմադիր թեկնածու Նելսոն Չամիսան երեքշաբթի հայտարարել է հուլիսի 30-ին անցկացված նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին:

«Փայլուն հաղթանակ է… մենք հոյակապ հաղթահարեցինք»,- իր Twitter-ում նշել է Չամիսան՝ վկայակոչելով 10 հազար ընտրական տեղամասերում ձայների հաշվարկի արդյունքները, փոխանցում է Agence France-Presse գործակալությունը: «Մենք պատրաստ ենք նոր կառավարության ձեւավորմանը»,- նշել է ընդդիմադիր թեկնածուն:

Երկուշաբթի Զիմբաբվեում տեղի ունեցած նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն անցել են առանց լուրջ միջադեպերի ու խախտումների: 1980 թվականին Մեծ Բրիտանիայից անկախանալու պահից սկսած սրանք 8-րդ ընտրություններն են եւ առաջինը 2017 թվականի նոյեմբերին իշխանությունից 93-ամյա Ռոբերտ Մուգաբեին հեռացնելուց հետո, որը պետության ղեկավարի պաշտոնին էր 30 տարի շարունակ: Չամասայի գլխավոր մրցակիցն է գործող նախագահ Էմերսոն Մնանգագվան, որն իշխանության էր եկել Մուգաբեին հեռացնելուց հետո: Ընտրությունների պաշտոնական արդյունքները կհրապարակեն շաբաթ՝ օգոստոսի 4-ին: